Ցույցերի ընթացքում բազմաթիվ բողոքներ են ստացվել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններից, որ սահմանափակվել է իրենց ազատ տեղաշարժի իրավունքը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով, որ Երեւանում ծավալվող իրադարձությունները խոչընդոտում են մի շարք պետական կառույցների այդ թվում ԱԳՆ–ի աշխատանքը։

«Իհարկե մեր քաղաքացիներն իրավունք ունեն արտահայտել ներքաղաքական գործընթացների վերաբերյալ իրենց կարծիքը, բայց ներխուժել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն եւ անհարմար, վարկաբեկիչ վիճակի մեջ դնել աշխատակիցներին եւ դա տարածել համացանցում, չեմ  կարծում, որ հայրենասիրական դրսեւորում է»,–նշել է նա։

Նալբանդյանի խոսքով՝ այս իրավիճակում, երբ կրքերը բորբոքված են, կարեւոր է, որ ամեն հաղորդագրություն լինի կշռադատված, հավասարակշռված եւ կոչ է արել լրատվամիջոցներին մեծ պատասխանատվությամբ մոտենալ։

Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ ոչ մի երկրում նախագահը կամ վարչապետը չէին ընդունի այստեղ, այս ժամին հանդիպելու պայմանները եւ չէին գնա այդ պայմաններին ընդառաջ, ավելին չէին ընդունի մամուլի ներկայությամբ բանակցություններն անցկացնել պահանջը, որի կարիքը չկար։ Նա սակայն դժգոհություն է հայտնել, որ մինչ այժմ երկխոսության բոլոր կոչերը մերժվել են։