Վանաձորում  այսօր վաղ առավոտից գործադուլ եւ դասադուլ է:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքում առաջինը բողոքի են դուրս եկել «Գլորիա» տեքստիլի գործարանի աշխատակիցները: Նրանց են միացել բազմաթիվ այլ բողոքողներ:

Ցուցարարները այժմ շրջում են քաղաքի փողոցներում եւ բնակիչներին կոչ են անում միանալ իրենց:

Նշենք, որ այս պահին բողոքի մեծ ու փոքր ակցիաներ են ընթանում Երեւանի տարբեր հատվածներում: Մի խումբ ցուցարարներ առավոտյան փակել էին Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկը: Բժշկական համալսարանի ուսանողներն էլ բողոքի ակցիա էին իրականացրել Աբովյան-Հերացի հատվածում, որտեղ նրանց դեմ ոստիկանները ուժ են կիրառել եւ մի քանիսին բերման ենթարկել: Ցուցարարների են բերման ենթարկել նաեւ Ազատության պողոտայում տեղի ունեցած ակցիայից:

Բողոքի ակցիաներ են ընթանում նաեւ Վանաձոր, Գյումրի, Սեւան, Հրազդան քաղաքներում:

Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրն է: Երեկ՝ ապրիլի 22-ին, վարչապետ Սերժ Սարգսյանի եւ «Իմ քայլը» նախաձեռնության ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից մեկ ժամ անց ոստիկանությունը ուժ կիրառեց Արցախի փողոցում հավաքված ցուցարարների նկատմամբ, բերման ենթարկեց տասնյակ մարդկանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին։ Ավելի ուշ նրանց երեքին ձերբակալել են: Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրն այս պահին անհայտ է: