Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանի հետ՝ քննարկելու համար Հայաստանի իրադարձությունների հնարավոր հետեւանքները եւ որոշ հարցերի հետ կապված իր մտահոգությունները հայտնելու:

«Ես մի քանի հարցեր բարձրացրեցի քաղաքացիական հասարակության կալանավորված անդամների եւ այլ քաղաքացիների կապակցությամբ ու ընդգծեցի, որ պետք է ապահովվի նրանց հասանելիությունը փաստաբանին: Ես նաեւ հարց տվեցի իրավիճակի եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ մյուս խորհրդարանականների ու ընդդիմության առաջնորդների հանդեպ վերաբերմունքի մասին»,- նշված է Միյատովիչի հայտարարության մեջ:

Միյատովիչը շեշտել է, որ խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, եւ որ խաղաղ ցուցարարները չպետք է ազատազրկվեն: «Մեր զրույցում ես շեշտեցի, որ չափազանց կարեւոր է հետագա թեժացումից խուսափելը, եւ հույս հայտնեցի, որ բոլոր կողմերը հանդես կբերեն զսպվածություն: Ես կշարունակեմ ուշադիր հետեւել Հայաստանի իրավիճակին»,- հայտարարել է նա:

Նշենք, որ Երեւանում բողոքի ցույցերը ընթանում են արդեն 11 օր: Ցուցարարները պահանջում են վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: