Հայաստանի պետական գնումների համակարգը 2017 թվականին ավելի մրցունակ է դարձել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը:

Նրա խոսքով՝ այս մասին է վկայում մեկ մրցույթին մասնակիցների միջին թվի աճը. եթե 2015-2016 թվականներին մեկ մրցույթին մասնակցում էր 3,2 սուբյեկտ, ապա 2017-ին մասնակիցների թիվը հասել է 4-ի: «Սա բավականին դրական ցուցանիշ է՝ հաշվի առնելով տարածաշրջանային եւ միջազգային, եվրոպական չափանիշները»,- նշեց փոխնախարարը:

Նա հայտնեց, որ 2017 թվականին ուժի մեջ մտած «Պետական գնումների մասին» օրենքը մեծացրել է պետգնումների համակարգի հասանելիությունը եւ թափանցիկությունը, ինչպես նաեւ հանրության ներգրավվածությունը պետգնումների բոլոր գործընթացներին:

«Սրան նպաստել են նաեւ պետգնումների համակարգի բարեփոխված էլեկտրոնային ռեսուրսները, որոնք մեծացրել են տեղեկությունների հասանելիությունը, թե պետական կառույցները եւ համայնքները ինչ պայմանագրեր ու որ ընկերությունների հետ են կնքել եւ ինչ գումարի»,- նշեց Թամազյանը՝ շարունակելով, որ ռեսուրսը վերլուծական գործիք է պարունակում, որի օգտագործումը հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչու է, օրինակ, որեւէ մի ընկերություն պարբերաբար հաղթում այս կամ այն պետական կառույցի հայտարարած մրցույթներում:

Փոխնախարարի տեղեկություններով՝  ընդհանուր առմամբ Հայաստանի պետական համակարգում 2017 թվականին իրականացվել է 180 մլրդ դրամի պետգնում, որից 96 մլրդ դրամը բաժին է ընկել բնական մենաշնորհներին (էլեկտրամատակարարման, գազամատակարարման, ջրամատակարարման, փոստի օպերատորներ եւ այլն), իսկ 83,7 մլրդ դրամը՝ մրցույթներին:

«Այս գումարից 4,7 մլրդ դրամը կամ 5,7 տոկոսը բաժին է ընկել մեկ պատվիրատուի՝ 2015 թվականի 18,3 տոկոսի դիմաց, եւ այս ցուցանիշի նման կտրուկ կրճատումը նույնպես վկայում է պետգնումների համակարգում մրցակցության բարձրացման մասին»,- ամփոփեց Թամազյանը: