Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ելույթ է ունեցել կառավարության արտահերթ նիստում։

«Հարգելի՛ գործընկերներ,

բոլորս շատ լավ գիտենք՝ ինչ է կատարվում մեր երկրում: Մենք մի իրավիճակում ենք, երբ պետք է գտնենք լուծում: Այդ իսկ պատճառով հանձնարարականը եւ առաջարկը գործադիր իշխանության բոլոր մարմիններին, նախարարություններին եւ գերատեսչությունների աշխատակիցներին, պետական ծառայողներին: Բոլորը մեր երկրում ակնկալում են, որ մենք անխափան շարունակելու ենք մեր բնականոն աշխատանքը: Այդ աշխատանքի որեւէ խափանում չպետք է լինի, եւ դա պետք է լինի մեր պետականության հասունության ամենակարեւոր քննությունը: Վստահ եմ, որ մենք բոլորս այն պատվով կկատարենք: Պաշտպանության նախարարին եւ մեր բոլոր զինվորականներին խնդրում եմ, որ դուք եւս առավելագույնս զգոն լինեք: Իրավապահ մարմինների աշխատակիցներին խնդրում եմ, որ ցուցաբերեն առավելագույն զգոնություն, շարունակեն հետեւել օրինականությանը եւ հանրային կարգուկանոնի պահպանմանը: Տեղի ունեցող քաղաքական զարգացումները չպետք է որեւիցե կերպ ազդեն մեր բնականոն կյանքի ընթացքի վրա: Դիմում եմ մեր բոլոր քաղաքացիներին, բոլոր քաղաքական ուժերին՝ ցուցաբերել մաքսիմալ զգոնություն եւ օրինապաշտություն, հարգանք այլ քաղաքացիների իրավունքների հանդեպ:

Ինչպես գիտեք, այսօր նախագահ Սարգսյանի մոտ հավաք էր, եւ համապատասխան կոչով ու դիմումով ենք դիմել: Վաղը ապրիլի 24-ն է: Չափազանց կարեւոր օր է մեզ համար, եւ ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին վաղը այն ապաքաղաքականացնել, որպեսզի կարողանանք պատվով մեր հարգանքի տուրքը տալ:

Մենք կանգնած ենք խնդրի առջեւ, որ ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ մենք կրիտիկական պահերին կարող ենք համախմբվել, հավաքվել, բանակցել եւ տրամաբանական լուծումներ գտնել: Շնորհակալ եմ:»