Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ ապրիլի 23-ին, ընդունել է Ֆինլանդիայի խորհրդարանի Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամության խմբի պատվիրակությունը՝ Յուհո Էէրոլայի գլխավորությամբ:

ԱԳՆ-ից NEWSa.m-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես միջպետական փոխգործակցության զարգացմանը նպաստող կարեւոր ձեւաչափ, բարձր գնահատել Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յուհո Էէրոլան նշել է, որ իր ղեկավարած բարեկամական խումբը շարունակելու է ջանքեր գործադրել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության առավել զարգացման նպատակով։

Հանդիպման օրակարգում էին Հայաստանի եւ Ֆինլանդիայի օրենսդիր մարմինների պատվիրակությունների փոխգործակցության սերտացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական համագործակցության խթանմանն առնչվող հարցեր։

ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շուրջ։

Զրուցակիցների խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները:

Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Էդվարդ Նալբանդյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է իրավիճակի լարմանը նպաստող Բաքվի գործողությունների՝ մասնավորապես Ադրբեջանի եւ Արցախի միջեւ շփման գծում՝ ադրբեջանական կողմից զինուժի, հրետանու եւ զինտեխնիկայի կուտակումների վրա։