Ադրբեջանը եւ Իրանը համաձայնեցրել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակում նավթի եւ նավթամթերքի փոխադրման արտոնյալ սակագինը: Այս մասին հայտնել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ սակագնային քաղաքականության եւ մարքեթինգի բաժնի պետ Ալի Ղասիմովը, փոխանցում է trend.az-ը:

«Ադրբեջանի եւ Իրանի երկաթուղիների միավորման առաջին փուլն ավարտվել է Աստարա-Աստարա տեղամասում թեստային գնացքի գործարկմամբ: Իրանի տարածքում Աստարա-Ռեշտ տեղամասի կառուցման ավարտից հետո գնացքներ կարող են երթեւեկել Հնդկական օվկիանոսից մինչեւ Հյուսիսային Եվրոպա, իսկ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով՝ Թուրքիայի տարածքով Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպա: Արդեն համաձայնեցվել է Ադրբեջանի տարածքով իրանական ծագմամբ նավթի եւ նավթամթերքի փոխադրման 50-տոկոսանոց զեղչով արտոնյալ սակագինը»,- ասել է Ղասիմովը:

«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը նախատեսված է Հյուսիսային Եվրոպան Հարավարեւելյան Ասիային միացնելու համար, այդ թվում՝ Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի երկաթուղիների միավորման: Առաջին փուլում ծրագրված է միջանցքով տեղափոխել տարեկան 5 մլն տոննա բեռ, իսկ հետագայում՝ ավելի քան 10 մլն տոննա: