Տարիներ շարունակ Ամերիկայի հայ համայնքն ԱՄՆ նախագահին կոչ էր անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ նրանց՝ այդ անելու անկարողությունն արդեն տասնամյակներ է, ինչ դարձել է ամերիկյան քաղաքականության առանձնահատկությունը: Այս մասին  CNN-ում հրապարակված իր հոդվածում գրել է Հագար Խաջար Չեմալին:

Ըստ հեղինակի, չնայած փաստերի անտեսմանը՝ նախագահ Դոնալդ Թրամփը տրամադրված է ասել ճշմարտությունը: Առաջինը, նրան չի հետաքրքրում, թե ինչ են մյուս երկրները մտածում իր արտաքին քաղաքականության մասին, եւ ցանկանում է հասնել նրան, ինչին, իր կարծիքով, չի հաջողվել հասնել իր նախորդներին:

Ինչպես նշում է հեղինակը, ճանաչել Հայոց ցեղասպանությունը նշանակում է հարգել պատմական փաստերը, բացի այդ, դա նշանակում է նաեւ արձագանքել ԱՄՆ-ի 1.5 միլիոնանոց հայ համայնքի կոչին: Բարաք Օբաման մի քանի անգամ մոտ է եղել Ցեղասպանության ճանաչմանը, սակայն վերջիվերջո որոշել է հրաժարվել այդ որոշումից, քանի որ չէր ցանկանում ձախողել թուրք-ամերիկյան բանակցությունները: 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, վարչակազմը որոշեց, որ նման քայլը կխաթարի Թուրքիայի հետ միասնական ջանքերն «Իսլամական պետության» դեմ պայքարում:

«Սակայն ժամանակն է, որպեսզի նախագահ Թրամփը Ցեղասպանության մասին հայտարարությամբ  հանդես գա: Նախ, Թուրքիայի վերջին գործողություններն անմիջականորեն ուղղված են մեր ազգային անվտանգության նպատակների եւ դրանց իրականացման համար ծախսված ռեսուրսների դեմ»,- ընդգծում է հեղինակը` հիշեցնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավելի ու ավելի ավտորիտար դարձող պահվածքի մասին:

Հոդվածում կրկին նշվում է, որ Թրամփի համար միեւնույն է, թե ինչ իր մասին կմտածի Թուրքիան: Ի վերջո, հեղինակը հիշեցնում է, որ Ռուսաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, եւ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները ջերմ են մնում:

«Երրորդը, եւ որ ամենակարեւորն է, նախագահ Թրամփը ցեղասպանության մասին հայտարարության պատճառով կարող է շահել նաեւ արտաքին քաղաքականության այլ ասպեկտներում: Նման քայլը կ​​ընդգծի ԱՄՆ-ի վճռականությունը վայրագությունների համար մղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում, ինչպես նաեւ կցուցադրի իր սկզբունքներին անվախ հավատարիմ մնալու պատրաստակամությունը: Նման մոտեցումը լծակներ է տալիս Միացյալ Նահանգներին բանակցություններում կամ այլ դիվանագիտական ​​հարթակներում, օրինակ՝ փոխնախագահ Մայք Փենսի՝ Մերձավոր արեւելքում քրիստոնյաներին պաշտպանելու վերաբերյալ խոստման առումով կամ՝ այլ փոքրամասնությունների հետապնդման, քանի որ մյուսները կիմանան, որ ԱՄՆ չի վախենում ասել ճշմարտությունը:

Նախագահի համար, ում, ամենայն հավանականությամբ, դիվանագիտական հետեւանքները չեն հուզում, այս տարի հիշատակի օրը Հայոց ցեղասպանության ճանաչումը հեշտ հաղթանակ է ոչ միայն ԱՄՆ-ի եւ հայ-ամերիկյան համայնքի համար, այլ՝ հենց նախագահի, որն այժմ ամբողջ աշխարհում ճշմարտության նկատմամբ անտարբեր մարդու համբավ է ձեռք բերել», - ամփոփում է հեղինակը: