Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչությունը Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ստացել է բրիտանական կողմի պատասխանները «Սկրիպալի գործով» եւ ուսումնասիրում է դրանք: «Մենք իսկապես ստացել ենք դրանք նախորդ երեկո», - այսօր «Ինտերֆաքս»-ին հայտնել է Մշտական ներկայացուցչության մամուլի ծառայությունը:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ այժմ ռուսական կողմին ժամանակ է անհրաժեշտ՝ «ստացված պատասխանները վերլուծելու համար»:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Փիթեր Վիլսոնը, ելույթ ունենալով կազմակերպության նիստին, ասել էր, որ մինչեւ ապրիլի 23-ը Լոնդոնը կպատասխանի Մոսկվայի ուղղած հարցերին՝  Սերգեյ Սկրիպիլի եւ նրա դստեր թունավորման գործի վերաբերյալ: