ԵՄ–ն կաջակցի Հայաստանին ամրապնդելու ժողովրդավարությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, արդարադատությունը,  օրենքի գերակայությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24–ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ այս արժեքները շատ կարեւոր են եւ թանկ Հայաստանի քաղաքացիների համար։ Եվրոպական միությունն այս ամբողջ ընթացքում կլինի Հայաստանի եւ հայերի հետ»,–շեշտեց նա։

Հարցին, թե կարո՞ղ են վերջին իրադարձությունները ազդել ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա՝ Սվիտալսկին պատասխանեց. «ԵՄ–ն կարծում է, որ մենք այս պահին ունենք շատ հավակնոտ օրակարգ եւ կաշխատենք այդ պայմանագրի ուղղությամբ։ Մենք կաշխատենք Հայաստանի հետ համաձայնագիրը իրականացնելու համար նույնիսկ ավելի ջանասիրաբար, քան նախկինում էր»։

Խոսելով վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին, դիվանագետը վստահեցրեց. «Մենք սատարում ենք բոլոր կողմերի երկխոսությունը ներկա քաղաքական ճգնաժամը լուծելու համար»։ 

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից:

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 25-ին շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ: