Ուզում եմ Միացյալ Նահանգների կառավարության, ժողովրդի անունից գովեստով արտահայտվել Հայաստանի ժողովրդի մասին՝ խաղաղ իրենց ակցիաներն իրականացնելու համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

Նա բարձր գնահատեց նաեւ ոստիկանության ու անվտանգության ուժերի աշխատանքը. «Ես ուզում եմ նաեւ գովեստով արտահայտվել ոստիկանության, անվտանգության ուժերի մասին, որոնք վերջին 11 օրերի ընթացքում հանդես էին բերում զսպվածություն եւ արհեստավարժություն։ Եղել են արժանահավատ հաղորդումներ բռնության որոշ դրսեւորումների մասին ցուցարարների դեմ, նաեւ՝ լրագրողների դեմ։ Անհրաժեշտ է, որպեսզի այս դեպքերով իրականացվի քննություն եւ  մեղավորները պատժվեն օրենքով սահմանված կարգով»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հրաժարականին, Միլսը ասաց. «Ուզում եմ նաեւ գովեստով արտահայտվել նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի մասին, նրա առաջնորդման մասին, ով լսելով ժողովրդի ձայնը՝ հրաժարականի որոշում կայացրեց», - ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։

Նա նշեց, որ առաջիկա օրերին պատրաստ են աշխատել վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ. «Կարեւոր է, որ այժմ ժողովուրդը կարողանա գալ ընդհանուր հայտարարի եւ կարողանան որոշել իրենց հետագա անելիքները: Ես դրական եմ տրամադրված, թե ինչ ձեռքբերումներ կարող է ունենալ ժողովուրդը, եթե միասնական լինի»:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից:

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 25-ին շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ: