ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Էմանուել Մակրոնը երկուշաբթի կաղնին տնկել են Սպիտակ տան հարավային մարգագետնում: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Երկու երկրների առաջնորդները Սպիտակ տանից միասին դուրս են եկել եւ ուղեւորվել արդեն տնկված եվրոպական մատղաշ կաղնու մոտ: Նախագահներն օգնականներից բահերը վերցրել են եւ խորհրդանշականորեն մի քանի կույտ հող լցրել ծառի բնի մոտ: Առաջին տիկիններն իրենց ամուսիններին չեն օգնել եւ պարզապես հետեւել են նրանց աշխատանքին: Այնուհետեւ Թրամփն ու Մակրոնը՝ կանանց հետ կեցվածք են ընդունել տնկիի մոտ, որի բարձրությունը կազմում է մոտ 1,5 մետր, իսկ տարիքը՝ 5-10 տարի:

Մակրոնը եւ նրա կինը՝ Բրիջիթը, ԱՄՆ իրենց առաջին պաշտոնական այցի ժամանակ Թրամփին մատղաշ կաղնի են նվիրել Ֆրանսիայի հյուսիսից՝ որպես երկարաժամկետ հարաբերությունների խորհրդանիշ: Ինչպես նշել են լրագրողները, ծառի վրա տերեւներ չկային, բողբոջները նոր էին սկսում ուռչել: Ամերիկացի մասնագետները կաղնին մանրակրկտորեն զննել են եւ ոչ մի խնդիր չեն հայտնաբերել, հայտնել են Սպիտակ տան ղեկավարի մամուլի ծառայությունից:

Սպիտակ տանը պարզաբանել են, որ ֆրանսիացի քաղաքական գործիչների համար ծառատունկը վաղեմի ավանդույթ է:

Ծառատունկից անմիջապես հետո 2 երկրների առաջնորդներն ուղեւորվել են ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնի՝ Վիրջինիա նահանգում գտնվող կալվածք: Թրամփն ու Մակրոնը երեքշաբթի բանակցություններ կվարեն Սպիտակ տանը, սպասվում է, որ բանակցությունների կենտրոնում կլինեն Իրանի միջուկային ծրագիրը, ԵՄ երկրների համար պողպատի եւ ալյումինի սակագները, Սիրիայի եւ Կորեական թերակղզու շուրջ իրավիճակը, Ռուսաստանի հետ հարաբերությունները, Կլիմայի փարիզյան համաձայնագիրը: