Ինչ է նշանակում ձեր կուսակցություն. ես քաղաքական թիմի անդամ եմ եղել, որովհետեւ նշանակվել եմ որպես նախարար։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

Դիտարկմանը՝ փաստորեն չէր սիրում իր քաղաքական թիմի ղեկավարին, նա այսպես արձագանքեց. «Գիտեք ինչ՝ քաղաքական գործունեության մեջ սիրել-չսիրել կատեգորիաները չկան»։

«Եղել է շատ մեծ դժգոհություն, որի գնահատականը տվել է ինքը՝ Սերժ Սարգսյանը եւ հրաժարական է ներկայացրել»,-ասաց Տոնոյանը:

Հարցին, թե պատրա՞ստ է Տոնոյանն աշխատել նոր իշխանությունների հետ՝ հարցին, նա պատասխանեց. «Ես դեռեւս պատրաստ եմ պաշտոնավարել՝ մինչեւ Սահմանադրությամբ սահմանված կարգով, օրենքներով սահմանված կարգով այդ հնարավորությունն ինձ տրվել է»:

Նրա համար այդքան էլ սպասելի չէր Սերժ Սարգսյանի հրաժարականը. «Եթե վարչապետը կայացրել է այդ որոշումը, ուրեմն արդարացված է եղել»:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից:

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 25-ին շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ: