Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը ապրիլի 23-ին ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած՝ Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեին։

Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ պետական նախարարը կարեւորել է Արցախի եւ Աբխազիայի միջեւ կայուն ու դինամիկ քաղաքական հարաբերությունների խորացումը՝ ընդգծելով, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել նաեւ տնտեսական ու գործարար կապերի զարգացմանը: Ա. Հարությունյանի խոսքով՝ այդ առումով չօգտագործված մեծ հնարավորություններ կան, եւ հետագա ջանքերը պետք է ուղղել երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների ամրապնդմանը:

Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության համար եւ նշել, որ Արցախի հետ ստեղծված հարաբերություններն անկեղծ են եւ բարեկամական: Դաուր Կովեի խոսքով՝ այդ հարաբերությունների ամրապնդման գործում իր ծանրակշիռ ավանդն ունի նաեւ Աբխազիայի հայ համայնքը: Անդրադառնալով տնտեսական փոխգործակցության զարգացմանը՝ Աբխազիայի ԱԳ նախարարը նշել է, որ հարցն իսկապես օրակարգային է, քանի որ նման ցանկություն ունի նաեւ աբխազական կողմը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: