«Ծառուկյան» դաշինքն առաջինն էր, որ թույլ չտվեց խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին անձեռնմխելիությունից զրկել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

«Երբ մեր գործընկերների նկատմամբ բռնություն կիրառվեց «Ծառուկյան» դաշինքն առաջինն էր, որ հայտարարություն տարածեց նրանց անհապաղ ազատ արձակելու մասին։ Մենք ասում էինք, որ պետք է վերադառնալ բանակցությունների եւ այդ քաղաքական օրակարգի շուրջ բանակցել։ Ես եւ մեր դաշինքի բազմաթիվ պատգամավորներ դեմ են քվեարկել Սերժ Սարգսյանին»,–ասաց նա։

Էնֆիաջյանը հավելեց, որ իրենց դաշինքից Սերժ Սարգսյանին կողմ քվեարկած պատգամավորները մի քանիսն են, եւ նրանց պետք է դիմել՝ հասկանալու համար թե ինչու են կողմ քվեարկել։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից:

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 25-ին շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ: