Ես դեռ լրիվ անալիզ չեմ արել, բայց անկախ կառույցները պարտավոր են լինեն առաջին գծում եւ ապահովել կայունություն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականին:

Նա նկատեց, որ ցանկացած ոչ կայուն վիճակ բերում է նաեւ ֆինանսական անկայունության:

Հարցին, թե սպառնալիք կա՞, որ այս ընթացքում դրամը կարող է արժեզրկվել, ԿԲ նախագահն արձագանքեց. «Ես նման սպառնալիք չեմ տեսնում, բայց բոլոր այն միջոցառումները, որ մշտապես արել ենք, հիմա էլ իրականացնում ենք»:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից:

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 25-ին շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ: