Մենք խուսափեցինք բախումներից եւ ցավալի իրադարձություններից: Այս մասին, այսօր՝ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Արամյանը՝ հավելելով, որ իր համար սպասելի չէր Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Հարցին՝ արդյոք տեղի ունեցածը հեղափոխություն էր, Արամյանն արձագանքեց.

«Դժվարանում եմ ասել: Ամեն դեպքում, վարչապետի հրաժարական տեղի ունեցավ, որը ամեն դեպքում, մեծ քայլ էր»:

«Մեզ պետք չեն բախումներ, մեզ պետք է կայունություն ու խաղաղություն: Տարբեր հարթակներում մենք անելիքներ ունենք եւ պետք է արշանին գնահատենք նախկին վարչապետի քայլը: Սա ազգանվեր քայլ էր: Մենք կարողացանք շատ խոհեմ գտնվել ամբողջ ազգով»,-ընդգծեց Արամյանը:

Ինչ վերաբերում է նոր իշխանությունների հետ աշխատելուն, Արամյանը խորհուրդ տվեց ժամանակից առաջ չընկնել. «Ժամանակը ցույց կտա»:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից:

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 25-ին շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ: