Ցանկացած անկայունություն, լարվածություն, իհարկե, ազդեցություն թողնում է տնտեսության վրա։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով, արտաքին աշխարհի ներդրողները, ֆինանսական շուկաների մասնակիցները, երբ վտանգ են զգում, փորձում են ձերբազատվել մեր պարտատոմսերից. «Արդյունքը լինում է այն, որ նրանք շուկա են նետում այդ պարտատոմսերը եւ դրանց գինն ընկնում է, տոկոսադրույքը բարձրանում է: Մեր խնդիրն է պահպանել կայությունը, որպեսզի ավելի էժան միջոցներ ներգրավենք եւ քիչ գումարներ վերցնենք մեր հարկատուներից պարտքի սպասարկման համար»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս իրադարձությունների ֆոնին ներդրումների հոսք սկսվի դեպի Հայաստան, նա արձագանքեց. «Դա կտեսնենք: Ներդրողները բավականին պահպանողական վարքագիծ ունեն: Նրանք տեսնում են՝ ինչ է կատարվում տնտեսությունում, ինչպիսի բարեփոխումներ են լինում:

Նախորդ մեկուկես տարիների ընթացքում միջազգային հեղինակավոր կազմակերպությունները արձանագրեցին, որ տնտեսության մեջ մենք ունեցել ենք զարգացում։ Դա առաջին քայլն էր, որպեսզի ներդրողներին դրական տրամադրենք դեպի Հայաստանի Հանրապետություն։ Իհարկե, եթե այսպիսի լարվածություն չի լինում, ներդրողները ավելի հեշտ են մտնում տնտեսությունուն»:

Վարդան Արամյանը հույս հայտնեց, որ սրանից հետո լարվածությունը կթուլանա, կլինեն կառուցողական համաձայնություններ. «Որովհետեւ դա մեր տնտեսությանն է պետք, եւ դա ազդակ է ներդրողներին, թե ինչպիսի իրավիճակ մենք ունենք»: