Ես այսօր այստեղ եմ Ամերիկայի ժողովրդի անունից հարգանքի տուրք մատուցելու այն մարդկանց, որոնք իրենց կյանքը կորցրին 20-րդ դարում տեղի ունեցած վատթարագույն վայրագություններից մեկի ժամանակ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը (ֆոտոռեպորտաժ):

«Միացյալ Նահանգների կառավարությունն ու ժողովուրդը չեն մոռանում այն մեկուկես միլիոն հայերին, որոնք Օսմանյան կայսրությունում զոհ գնացին մահվան երթերին կոտորածներին»,-ասաց ԱՄՆ դեսպանը՝ հավելելով, որ իրենք հիշում են նաեւ այն մարդկանց, որոնք օգնել են տուժածներին, նպաստել են Հայաստանի ապագայի կերտմանը, նաեւ նրանց , որոնք այդ իրադարձություններից հետո հանգրվան գտան ԱՄՆ-ում եւ մեծ վաստակ ունեցան մեր երկրի համար:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դեսպանն ասաց. «Մենք ձգտում ենք նրան, որ լինի իրադարձությունների ազնիվ ու շիտակ ճանաչում: Այդ ուղղությամբ են ԱՄՆ-ի ջանքերը Այդ շիտակ ճանաչումը կարող է հաշտություն բերել բոլորի համար»: