Կրեմլը «հիպոթետիկ» է անվանել ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությունները՝ ռուսական «Ռուսալ» ալյումինի ընկերության դեմ պատժամիջոցները հանելու հնարավորության մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ռոսբալտը»:

«Ես այս հարցում միանգամայն զուսպ կլինեի, քանի որ այդ հայտարարությունները հիպոթետիկ բնույթ ունեն: Ակնհայտ է, որ ընդունված որոշումը միանգամայն ցավոտ հարված է հասցնում տարբեր մայրցամաքներում ընկերության սպառողներին, եւ միանգամայն ակնհայտ է, որ այս սպառողները հարց են տալիս, թե ինչու պետք է իրենք վնասներ, չափից ավելի շատ դժվարություններ կրեն»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ նախագահի աշխատակազմում «նախկինի պես այս պատժամիջոցներն ապօրինի են համարում»:

Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է, որ «առայժմ դժվար է դատել՝ որքանով են հիմնավոր եւ հետեւողական այս մոտեցումները»: Նա հավելել է, որ Վաշինգթոնից «մեծ թվով սադրանքային գործողություններ եւ սադրանքային հայտարարություններ» են բխում: «Այս պատճառով կցանկանյի զսպվածություն հանդես բերել: Սա որեւէ գնահատականի առիթ չէ՝ դրական, թե բացասական: Ընդհանուր առմամբ, իրավիճակը լավագույն ցանկության հույս է թողնում»,- եզրափակել է նա:

Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով աղբյուրին, հայտնել էր, թե ամերիկյան իշխանությունները ականջալուր են եղել մի շարք եվրոպական երկրների կոչին՝ ռուսական «Ռուսալ» ընկերության դեմ պատժամիջոցները մեղմելու մասին: