Ապրիլի 24-ին, ժամը 02:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ռոստոմի փողոցի թիվ 29 բազմաբնակարան շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիից ծուխ է նկատվում: Դեպքի վայրում պարզվել է, որ բազմաբնակարան բարձրահարկ շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում այրվում է երկու ավտոմեքենա, եւ շենքի մուտքերը ծխալցվում են: Բարձրացած ծուխը եւ շենքին մոտեցման ուղիների բացակայությունը խոչընդոտել են փրկարարների աշխատանքը, իսկ վթարային ելքերի բացակայության պատճառով բնակիչներին տարհանելու նպատակով պահանջվել են կենցաղային հաշվարկներ եւ ավտոսանդուղքներ:

Իրականացված նախնական ուսումնասիրությունից պարզվել է, որ ավտոկայանատեղում ծագած հրդեհի հետեւանքով ամբողջությամբ այրվել է 2 ավտոմեքենա, ինչի հետեւանքով ծխահարվել է ավտոկայանատեղը, եւ ծուխը երկու աստիճանավանդակներով տարածվել է բնակելի հարկեր եւ ներթափանցել բնակարաններ: Շենքը կառուցապատվել եւ շահագործման է հանձնվել 2008 - 2010 թթ.-ին:

Ավտոկայանատեղում հայտնաբերվել են շինարարական նորմերի հակահրդեհային պահանջների մի շարք խախտումներ.

- մոնտաժված չէ ավտոմատ հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ,

- մոնտաժված չէ հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգ,

- մոնտաժված չէ ծխահեռացման ինքնաշխատ համակարգ,

- գոյություն ունեցող ներքին հրդեհաշիջման նպատակների համար մոնտաժված ջրագիծը կահավորված չէ համապատասխան հրշեջ գույքով՝ փողակով եւ փողրակով,

- ցանկացած բնակարանին հրշեջ ավտոսանդուղքների մոտեցման եւ փրկարարական աշխատանքների իրականացման համար շենքի արտաքին պատերից 8 մետր հեռավորության վրա նախատեսva] չէ կոշտ ծածկույթով 3,5 մետր լայնությամբ ճանապարհ:

Դեպքի առնչությամբ նշանակվել է հրդեհատեխնիկական եւ ապրանքագիտական փորձաքննություն: ԱԻ նախարար պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է նաեւ պարզել, թե ով է եղել շինարարական նորմերի խախտումներով շենքին դրական եզրակացություն հատկացրած պաշտոնյան: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փաստում է, որ հրդեհային անվտանգության կանոնների նմանատիպ խախտումներ առկա են բնակելի շենքերի զգալի մասում եւ կոչ է անում բնակիչներին հետեւողական լինել իրենց շենքերում հրդեհային անվտանգության նորմերի պահպանմանը: