Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովը կոչ է արել Թուրքիային հետաձգել վաղաժամկետ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, որոնք նախատեսված են հունիսի 24-ին: Հանձնաժողովը կարծում է, որ «անհնար է ժողովրդավարական ընտրություններ անցկացնել արտակարգ դրության եւ Թուրքիայի հարավ-արեւելքում անվտանգության ծառայությունների կողմից մշտական գործողությունների իրկանացման պայմաններում»:

Հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ ընտրությունները, որոնք կանցկացվեն ժամկետից մեկ ու կես տարի շուտ, «շատ քիչ ժամանակ են թողնում, որպեսզի կուսակցությունները ավարտեն ընտրությունների նախապատրաստական աշխատանքները»:

«Ընտրությունների մասին օրենքում կատարված փոփոխությունները խորհրդարանի կողմից ընդունվել են հայտարարված ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ: Այս փոփոխությունները զգալիորեն փոխում են ընտրությունների եւ ընտրարշավի կանոնները: Դրանք ներառում են նախընտրական դաշինքների ձեւավորման հնարավորությունը, որոնք մինչ օրս հնարավոր չէին », - ասվում է հայտարարության մեջ:

Բացի դրանից, նշվում է, որ անհնար է ժողովրդավարական ընտրություններ իրականացնել արտակարգ դրության պայմաններում:

«Բազմաթիվ լրատվամիջոցներ փակվել են կամ իշխանամետ գործարարների կողմից գնվել: Վերջերս ընդունված օրենքը խստացրել է առցանց հեռարձակման հսկողությունը: Սա էլ ավելի է նվազեցրել ընտրական շրջանում անհրաժեշտ ժողովրդավարական քննարկումների հարթակը, ինչը պահանջում է լրիվ եւ ճշգրիտ տեղեկատվության հասանելիություն, որպեսզի ընտրողների համար ապահովվի թեկնածուների միջեւ գիտակցված ընտրություն կատարելու հնարավորությունը»,-նշել է հանձնաժողովը:

Մատնանշելով նոր ընտրական համակարգի դրույթները, հանձնաժողովը մտահոգություն է հայտնել ընտրատեղամասերում ոստիկանական ուժերի հնարավոր ներկայության առնչությամբ, որոնք ընտրողների համար զսպող գործոն են հանդիսանում:

«Այս բոլոր գործոնները միասին լուրջ մարտահրավեր են նետում ընտրությունների ժողովրդավարական բնույթին: Այսպիսով, հանձնաժողովն առաջարկում է, որ թուրքական իշխանությունները հետաձգեն ընտրությունները», - ասված է հայտարարության մեջ: