Եթե Իրանը վերսկսի միջուկային ծրագիրը, ապա «ավելի մեծ խնդիրներ կունենան, քան երբեւէ»: Այս մասին Վաշինգտոն ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից առաջ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է AP-ն: Նա Իրանի միջուկային համաձայնագիրը «խելագար եւ ծիծաղելի» է անվանել, որում հաշվի չեն առնվում Իրանի կողմից «հրթիռների փորձարկումներն»:

Իրանի միջուկային համաձայնագիրը Թրամփի եւ Մակրոնի բանակցությունների առաջնային թեմաներից մեկն է: Ֆրանսիայի նախագահը հույս ունի համոզել Թրամին չլքել այդ համաձայնագիրը, որը վերջինս «աղետալի» է համարում:

Մակրոնն ասել է, որ «Ամերիկան անսահման հնարավորություններ է ներկայացնում Ֆրանսիայի համար»: Նրա խոսքով՝ «Ֆրանսիան կիսում է ԱՄՆ-ի՝ ազատության եւ խաղաղության մասին իդեալները»: Նա նշել է, որ Ֆրանսիան Միացյալ Նահանգների հետ միասին աշխատում է այնպիսի խնդիրների շուրջ, ինչպիսիք են ահաբեկչությունը, Հյուսիսային Կորեան եւ Իրանը: