Ամենակարեւոր եւ միակ պատասխանատվությունը, որ ժամանակավոր կառավարությունը պետք է ունենա, դա արդար ընտրությունների անցկացումն է։ Այդ մասին օտարերկրյա լրագրողների հետ ասուլիսում ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով իրենց թիմի նարավոր հաղթանակի մասին՝ Փաշինյանն ասել է. ««Վստահ ենք, որ մեր թավշյա հեղափոխությունը մեծ պոտենցիալ եւ թիմ ունի դրան հասնելու համար։ Միգուցե կներառենք մի քանի այլ գործիչների այլ ուժերից։ Նկատի ունեմ քաղաքացիական հասարակությունից, եւ այլն»․ Հարցին, հնարավոր է այլ քաղաքական ուժերից էլ ներառեն իրենց թիմում, նա պատասխանել է. «Այս պահին մենք բաց ենք բանակցությունների համար, եւ եթե որեւէ լավ առաջարկ կստանանք, կքննարկենք այն»։

Նա նշել է, որ որեւէ ընդմիջում չի լինի, մինչ հեղափոխությունն իր տրամաբանական ավարտին չհասնի։ «Վաղը մենք հանրահավաք ենք անելու հրապարակում։ Մենք այժմ ի վիճակի ենք կես ժամում հանրահավաք հրավիրել։ Որեւէ մեկը չի կարող կասկածել, որ ժողովրդի հաղթանակը կարող ենք մեր ձեռքից բաց թողնել։ Կարծում եմ, որ որեւէ մեկը չպետք է փորձի ժողովրդի հաղթանակը նրա ձեռքից տանել»,- ասել է Փաշինյանը։

Նա նաեւ նշել է, թե օտարերկրյա ուժերի հետ որեւէ խոսակցություն չեն ունեցել, բայց դա չի նշանակում, որ փակ են որեւէ բանակցության համար։