Լրացավ 1915 թվականի ողբերգության 103-րդ տարելիցը: Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրն այսօր առավոտից դարձյալ մարդաշատ էր: Ծիծեռնակաբերդ է այցելել նաեւ Հայաստանի եւ Արցախի բարձրագույն ղեկավարությունը: Նրանք ծաղկեպսակ են դրել Ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ Ամենայն Հայոց Գարեգին 2-րդի հանդիսապետությամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել: Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման մասնակիցներն էլ երթով Ծիծեռնակաբերդ են գնացել Հանրապետության հրապարակից:

«Ավրորա» մրցանակին այս տարի հավակնում է երեք մարդասեր: Նրանցից մեկը Մյանմայից Չո Լա Աուն՝ իրավաբան եւ ռոհինջա ժողովրդի առաջնորդ, որը զբաղվում է ռոհինջաների իրավունքների պաշտպանության հարցերով: Մյուս թեկնածուն «72. տուն եւ ապաստան միգրանտների համար» կազմակերպության հիմնադիր Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն է, Մեքսիկայում զբաղվում է Կենտրոնական Ամերիկայից փախստականներին ապահով ապաստան տրամադրելու հարցերով: Երրորդ նվիրյալը «Փրաջվալա» կազմակերպության համահիմնադիր Սունիտա Քրիշնան է, որը Հնդկաստանում պայքարում է սեռական բռնությունների դեմ:

«Ավրորա» մրցանակի 2018 թվականի հաղթողի անունը կհայտարարվի հունիսի 10-ին: Նա 100.000 դոլար պարգեւ կստանա, ինչպես նաեւ 1.000.000 դոլար դրամաշնորհ՝ գործունեությունը շարունակելու եւ ժամանակին իրեն ոգեշնչած ու գործի մղած կազմակերպություններին աջակցելու համար: Նշենք, որ 2016 թվականին 2016 թվականին «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր էր դարձել Բուրունդիի «Խաղաղության Տան» եւ REMA հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն, 2017-ին մրցանակը շնորհվել է ամերիկացի բժիշկ, կաթոլիկ միսիոներ Թոմ Քաթինային, որը մշտապես գործող միակ վիրաբույժն է Սուդանի հարավի՝ պատերազմից ավերված ու մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռներում: Հավելենք, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մրցանակը շնորհում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից:

Շուրջ երկու շաբաթ Երեւանում անցկացվող բողոքի գործողություններն ավարտվեցին Սերժ Սարգսյանի հրաժարականով: Նա այդ մասին հայտարարեց երեկ, իսկ վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես ստանձնեց առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: Հանրապետականները մեկը մյուսի հետեւից շտապեցին Սերժ Սարգսյանի որոշումն իմաստուն քաղաքական եւ պետական գործչին բնորոշ քայլ որակել:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն ասել է՝ խնդրի այլ լուծումն ուժի կիրառումն էր, ինչին Սարգսյանը չգնաց: Հիմա խորհրդարանական խմբակցությունները 7 օր ժամանակ ունեն՝ վարչապետի թեկնածու առաջադրելու համար: Վահրամ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ բանակցությունները կսկսվեն ապրիլի 25-ից: Նա չի մոռացել նաեւ հիշեցնել, որ Հանրապետականը, ամեն դեպքում, քաղաքական մեծամասնություն է, եւ ինքն է որոշելու վարչապետի թեկնածուի հարցը: Արդեն լուրեր են պտտվում, որ այդ թեկնածուն Կարեն Կարապետյանն է լինելու:

Նիկոլ Փաշինյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականով կատարվել է իրենց ներկայացրած չորս պայմաններից միայն մեկը: Հաջորդը վարչապետի հարցն է, որը պետք է ոչ թե Հանրապետականի, այլ ժողովրդի թեկնածուն լինի: Ինքը՝ Փաշինյանը պատրաստ է ստանձնել վարչապետի պաշտոնը, եթե, իհարկե, ժողովուրդն այդ պատասխանատվությունը հենց իր վրա դնի:

Վաղը առավոտյան Կարեն Կարապետյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպելու են: Հանդիպումը փակ կլինի, հետո լրագրողները կողմերին հարցեր տալու հնարավորություն կունենան: «Ելք»-ի մամուլի խոսնակն ասել է՝ հանդիպումը դռնփակ անցկացնելու որոշումը կայացվել է փոխհամաձայնությամբ, որպեսզի քննարկման մասնակիցներն իրենց ավելի ազատ զգան: Սակայն, վստահեցրել է, հանրությունից գաղտնի ոչինչ չի քննարկվելու:

Հանրապետության հրապարակում երեկ կազմակերպված հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կարեն Կարապետյանի հետ հստակ պայմանավորվածություն է ձեռք բերել. «թավշյա հեղափոխության» գործով բոլոր ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն, ոստիկանությունն էլ պետք է դադարեցնի շարժման մասնակիցներին բերման ենթարկելու գործընթացը:

Ավելի ուշ ազատ արձակվեցին «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներ Դավիթ Սանասարյանն ու Արմեն Գրիգորյանը: Այսօր էլ ազատ են արձակվել կալանավորված Լեւոն Բարսեղյանն ու ակտիվիստ Տիգրան Մազմանյանը: Դատարանը Բարսեղյանին երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել՝ «զանգվածային անկարգություններ ու հավաք կազմակերպելու եւ ոստիկանի օրինական որոշմանը չենթարկվելու կոչեր անելու համար»: Իսկ Տիգրան Մազմանյանը կալանավորվել էր Հանրային ռադիոյի շենք ցուցարարների ներխուժման գործով: Ակտիվիստի խափանման միջոցը փոխվել է:

Արցախի պաշտպանության նախարարությունը նոր տեսանյութ է հրապարակել, որում ներկայացվում է ադրբեջանական զինուժի տեղաշարժերն առաջնագծում։ Հայկական կողմը շփման գծում հակառակորդի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի կուտակումներ է արձանագրում օրեր շարունակ:

Այս տեղեկությունն անհանգստացրել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Նրանք ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել հարգել հրադադարի ռեժիմը եւ ծանր հրետանին հեռու պահել առաջնագծից: Տարածված հայտարարությունում եռանախագահները նաեւ նշել են, որ անհամբերությամբ սպասում են կողմերի միջեւ առաջիկա հանդիպմանը՝ ինտենսիվ բանակցությունները վերսկսելու եւ  հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու համար: Սահմանագծում տիրող իրավիճակին այսօր հրավիրած Անվտանգության խորհրդի նիստում անդրադարձել է նաեւ Կարեն Կարապետյանը:

Էջմիածնում սպանվել է ԵԿՄ տարածքային ղեկավարներից Նվեր Հովհաննիսյանը: 46-ամյա Հովհաննիսյանին կրծքավանդակի կտրած-ծակած վերքով հիվանդանոց են տեղափոխել երեկ երեկոյան, վիրահատության ժամանակ նա մահացել է: Մամուլի տեղեկություններով՝ նրան վիճաբանության ժամանակ դանակահարել է էջմիածինցի ցուցարարներից մեկը:

Էջմիածնի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, սակայն, հերքում են այս տեղեկությունը: Աղբյուրի համաձայն՝ Նվեր Հովհաննիսյանը սպանվել է Ճոյտ մականունով հայտնի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի կողմից ղեկավարվող սադրիչ խմբի կողմից: Սպանության համար հակված է Հակոբ Հակոբյանի կողմնակիցներին մեղադրել նաեւ ԵԿՄ վարչության նախագահ, պատգամավոր Մանվել Գրիգորյանը:

Տորոնտոյում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտներին: Հաղորդվում է 10 զոհի եւ 15 տուժածի մասին: Կասկածյալը 25-ամյա Ալեք Մինասյանն է: Նա կալանավորված է: Ականատեսների վկայություններով՝ նրա գործողությունները կանխամտածված են եղել: Տեղի ոստիկանության ղեկավարը նշել է, որ Մինասյանը նախկինում իրավապահների ուշադրության կենտրոնում չի եղել: Նրա արարքի դրդապատճառների մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Իրավապահները, սակայն, հակված են կարծել, որ տեղի ունեցածն ահաբեկչություն չէ:

Ապրիլի 25-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +7+9, ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն: