Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր՝ ապրիլի 25-ին հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Երեկ ես կոչով դիմել եմ ՀՀ նախագահին՝ առաջարկելով կոչ հղել խորհրդարանական ու արտխորհրդարանական քաղաքական ուժերին, որ որեւէ ձեւաչափով հանդիպում կազմակերպվի՝ ընդհուպ մինչեւ արտահերթ ընտրություններ անցկացվեն:

Մենք որեւէ սահմանափակում քաղաքական օրակարգում չենք դնում, չենք էլ դրել: Ըստ այդմ, ամենատրամաբանական լուծումն այն է, որ քաղաքական կուսակցությունները օրենքի սահմաններում նստեն քննարկեն ու որոշեն, որ եթե արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կա, որոշեն այն ժամկետները, որոնք իրենք ուզում են, որպեսզի պատրաստվեն, որպեսզի բոլորը լինեն հավասար խաղի կանոններում եւ ըստ դրա շարժվենք առաջ:

Այսպես շարունակվելով ունենալու ենք տնտեսական խնդիրներ, զբոսաշրջիկները չեն գալու, ներդրողները վերադառնում են: Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, ապակայուն վիճակը մեր երկրին օգուտ չի տալիս: Դրա համար ես խնդրում եմ նաեւ մեր բոլոր քաղաքացիներին, տատիկներին, պապիկներին, ծնողներին, երեխաներին ուսանողներին, մաքսիմալ սթափ մտածեն, թե ինչ ենք մենք ուզում:

Ես շատ եմ գնահատում եւ հարգում մեր քաղաքացիների կամքն ու դժգոհությունը: Ըստ դրա արդեն մենք համապատասխան արձագանք տվել ենք, բավարարվել են կետեր, մենք հայտարարել ենք քաղաքացիական օրակարգ, մենք հայտարարում ենք, որ քաղաքական ուժերը նտելու են, խոսելու են: Թողնենք, որ նրանք նստեն պայմանավորվեն, մեկս մյուսի վրա չճնշենք: Այս էր իմ անհանգստությունը, որ ուզում եմ հղել»:

Նա նշեց, որ հետեւում է, թե որքանով է նվազում զբոսաշրջությունը, գործարարների հետաքրքրությունը. «Մենք գալու ենք մի վիճակի, երբ տնտեսական իրավիճակը բարձրացնելը շատ դժվար է լինելու: Մենք առաջին եռամսյակում ունեցել ենք 16 տոկոս տնտեսական աճ եւ լավ կլինի, դա շարունակվի: Մեն քաղաքացիների մեծ մասը դա իր վրա դեռ չի զգում, բայց մենք պետք է հասկանանք նաեւ, որ այլ տարբերակ չկա, դա պետք է գա հագեցման կետի հասնի, որից հետո քաղաքացիները կսկսեն զգալ դա»: