Ոստիկանությունը շրջափակել է Մելիք-Ադամյան փողոցում գտնվող, ՀՀԿ կենտրոնական գրասենյակը։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե ոստիկաններին հաջողվել է դուրս գալ Կենտրոնական բանկի մոտ արգելափակումից եւ զրահամեքենաները եւ փշալարերը տեղափոխել ՀՀԿ գրասենյակի մոտ։

Նշենք, որ քիչ առաջ ցուցարարներն արգելափակել էին Վազգեն Սարգսյան փողոցի մի հատվածը, որտեղով ոստիկանությունը փորձում էր անցնել։ Ոստիկաններին հաջողվել է առանց բախումների բացել փողոցը եւ անցնել։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը:

Փաշինյանը կոչ է արել այսօր՝ ապրիլի 25-ին վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները եւ թույլ չտալ, որ ՀՀԿ-ն մնա իշխանության: