Ցուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հասել են Էրեբունի վարչական շրջան: Նրանք վանկարկում են «Մերժիր Սերժի Կարենին», «Նիկոլ վարչապետ», «դասադուլ»:

Ցուցարարների մի խումբ էլ փակել է «Դամլա գարդեն մոլի» ճանապարհը։ Ոստիկանները բանակցում են ճանապարհը բացելու համար։

Բողոքի լայնածավալ ցույցեր են Երեւանի տարբեր փողոցներում, հանրապետության տարբե վայրերում։ Այս պահին հանրահավաք է ընթանում Վանաձորի հրապարակուՄ։

Նշենք, որ այսօր հայտարարությամբ շարժմանն են միացել «Ելք» դաշինքի մյուս երկու ուժերը՝ «Հանրապետությունը» եւ «Լուսավոր Հայաստանը»: Իսկ ԲՀԿ-ն իր կողմնակիցներին կոչ արել հանրապետության բոլոր մարզերում եւ Երեւանում մոբիլիզացվել եւ դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը:

Փաշինյանը կոչ է արել այսօր՝ ապրիլի 25-ին վերսկսել քաղաքացիական անհնազանդության ակցիաները եւ թույլ չտալ, որ ՀՀԿ-ն մնա իշխանության: