Ինձ համար անձնապես ընդունելի է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում եւ չեմ կարծում, որ մեր կուսակցությունը այդ թեկնածությանը դեմ լինի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի ժամանակ «Ազատության» հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, իրենք որպես ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժ ներկայացնելու են նաեւ իրենց մոտեցումները, տեսլականը, բայց այստեղ ունեն միասնական մոտեցում համազգային շարժման եւ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Իշխանությունը պետք է հեռանա, իշխանությունն իրենց պապական սեփականությունը չէ: Ի վերջո, պետք է ունենալ արժանապատվություն, տեսնելով այս համազգային ընդվզումը, առանց մանիպուլյացիաների, առանց տրյուկների, ինչը հիմա փորձում է անել իշխող կուսակցությունը՝ իր իշխանությունը երկարաձգելու համար, թողնել եւ հեռանալ»,-ասաց նա:

Հարցին, թե կիսո՞ւմ է Փաշինյանի մոտեցումը, որ պետք է «ժողովրդի թեկնածուին» ընտրել վարչապետ, հետո կազմել ժամանակավոր կառավարություն, ապա անցկացնել արտահերթ ընտրությունները, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ժողովրդի ձայնը պետք է հարգել, բայց հասկանալի է, որ ընտրությունը կատարվելու է խորհրդարանում: Այսինքն իրավունքի ուժով կատարվելու է ընտրություն: Որքան ՀՀԿ-ն շուտ հասկանա, որ ավելորդ համառելը, ժամանակ ձգելը աշխատելու է իրենց եւ ժողովրդի դեմ, այնքան հանգուցալուծումը կլինի ավելի խաղաղ: Այս շարժումը վկայում է, որ ժողովրդի դեմ որեւէ մեկը չի կարող դուրս գալ»:

Նա ընդգծեց, որ իր կարծիքով խորհրդարանում կքննարկենք «Ելք»-ի հետ միասնական թեկնածու ունենալու հարցը. «Ինձ համար անձնապես ընդունելի է Փաշինյանի թեկնածությունը եւ չեմ կարծում, որ մեր կուսակցությունը այդ թեկնածությանը դեմ լինի: Բանակցություն կարող է լինել միայն իշխանությունն անցնցում ահնձնելու օրակարգով, ուրիշ օրակարգ չի կարող լինել, չկա: Մնացածը ժամանակ ձգելու մարտավարություն է»:

Նշենք, որ այսօր ԲՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է արել իր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում եւ մայրաքաղաք Երեւանում մոբիլիզացվել եւ դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը:

Եթե ժողովուրդն այդպիսի պատասխանատվություն դնի ինձ վրա, չեմ հրաժարվի. Փաշինյանն իր վարչապետ դառնալու մասին