«Բարգավաճ Հայաստան» կուսակցության միանալը Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանը առանցքային էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Նրա խոսքով, մեծ հաշվով, արդեն պարզ է, որ իշխանություններն այլեւս որեւէ ձեւով չեն կարող կանգնեցնել այս շարժումը, դա հնարավոր չէ:

«Օբյեկտիվորեն շարժումը հասնելու է տրամաբանական հաղթանակի, եւ նաեւ տրամաբանական է, որ տարատեսակ, փոքր ու մեծ քաղաքական ուժեր հասկանում են իրավիճակը եւ կոնսոլիդացվում են այս շարժման շուրջը»,-ասաց նա:

Բոզոյանը կարծիք հայտնեց, որ ԱԺ-ում երկրորդ քաղաքական ուժի՝ ԲՀԿ-ի միանալը շարժմանը եւ իր անդամների մասնակցությունը այսօր Երեւանում բողոքի ակցիաներին, դարձավ այն առանցքային քայլը, որը կարող է հանգեցնել ժողովրդական շարժման հաղթանակին. «Բնականաբար, ԲՀԿ-ի միանալը շարժմանը հենց այն գրավականն էր, որ շարժումը վերջնական հաղթանակի կհասնի:  Դա միանշանակ շարժմանը նոր որակ ու նոր շեշատադրում է փոխանցում: Դա ինստիտուցիոնալ բնույթ կարող է կրել եւ իշխանությունը, մեծ հաշվով որեւէ շանս չունի դա կանգնեցնելու համար»,-ընդգծեց քաղաքագետը:

Նշենք, որ ԲՀԿ-ն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ միանում է «համաժողովրդական ընդվզման ալիքին եւ կանգնած է ժողովրդի կողքին»: ԲՀԿ-ն կոչ է արել իր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում եւ Երեւանում մոբիլիզացվել եւ դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը: