ԱՄՆ Կոլորադո նահանգի երկպալատանի օրենսդիրն ապրիլի 24-ին եւ 25-ին նահանգի գլխավոր փողոցներից մեկը միաձայն վերանվանեց «Սարդարապատ Մայրուղի»: Այդ մասին հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արեւմտյան տարածաշրջանի ներկայացուցիչ Սիմոն Մաղաքյանը։

Նրա խոսքով, Կոլորադոյի պատգամավորներն այս քայլն արեցին ի հիշատակ Մեծ Եղեռնից մազապուրծ եղած անկոտրում հայերի, ովքեր հարյուր տարի առաջ իրենց վերջին շնչով ետ շպրտեցին թուրքական բանակին եւ հիմնադրեցին անկախ հանրապետություն:

«Կոլորադոյի Հայ Դատի Գրասենյակի եւ Կոլորադոյի Հայեր կազմակերպության «Սարդարապատ Մայրուղի» ստեղծելու այս խենթ, բայց հաջողված, նախագիծը սիրով եւ համերաշխությամբ նվիրում ենք Հայաստանի Հանրապետության մերօրյա հերոսներին` մեր անվախ, ազատատենչ, ու խաղաղասեր ցուցարարներին, ովքեր կերտում են ժողովրդավար եւ արդար Հայաստան»,- նշել է Մաղաքյանը։