«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած բողոքի ակցիան այսօր՝ ապրիլի 26-ին, մեկնարկել է «Լամբադա» կամրջի մոտից:

Նախօրեին Փաշինյանը հայտարարել էր, որ իրենց բողոքի գործողությունները սկսեելու են ժամը 12-ից։ «Վաղը առավոտից նոր թափով եւ ծավալներով շարունակվում են գործադուլները, դասադուլները։ Եւս մի քայլ ենք անում եւ ավարտին ենք հասցնում այս պատմությունը: Ես ինքս գործողությունները կսկսեմ ժամը 12:00-ից, անելու են ճանապարհների, կամուրջների շրջափակում։ 80 բեռնատար է հավաքվել Երեւան-Սեւան մայրուղու վրա, եւ կոչ եմ անում մտնել Երեւան եւ շրջափակել բոլոր փողոցները, որ հնարավոր է շրջափակել։ Ինքս կսկսեմ Լամբադա կամրջի սկզբնամասից»,-ասել էր նա:

Նա նաեւ կոչ է արել բոլոր վարորդներին՝ վաղը առավոտյան, ժամը 12:05-ից բոլոր մեքենաները ամբողջ հանրապետության տարածքում քսան րոպեով ուղղակի կանգնել եւ դադարեցնել երթեւեկությունը, իսկ ժամը 19-ին հավաքվել հանրահավաքի Հանրապետության հրապարակում։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը: