Ցուցարար ուսանողների մեծ խումբը Կորյուն փողոցից հասավ Մաշտոցի պողոտա: ԵՊՀ-ից սկիզբ առաջ ակցիայի մասնակիցները հոծ խմբով փակել են պողոտան: Նրանք վանկարկում են՝ «Ազատ, անկախ ուսանող»:

Նշենք, որ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս պահին գտնվում է «Լամբադա» կամրջի մոտ, որտեղից եւս երթ է տեղի ունենալու:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ փողոցներ փակելու ակցիան առժամանակ դադարեցնում են, քանի որ քաղաքում հայտնվել են առանց համարանիշների կամ համարանիշները փակած մեքենաներ, որոնք անկանոն վարում են եւ վտանգում մարդկանց:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը: