Երեւանի եւ Ֆրանսիայի Լիոն քաղաքի միջեւ ձեւավորված համագործակցության զարգացման նոր հեռանկարներ է ընձեռում ապրիլի 19-ից պաշտոնապես գործարկված Երեւան-Լիոն-Երեւան կանոնավոր ուղիղ չվերթը:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում առաջին ուղեւորներին հանդիսավորությամբ դիմավորել են Երեւանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գեւորգյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշերը:

Ընդգծելով Երեւանի եւ Լիոնի միջեւ ձեւավորված բարեկամական եւ գործընկերային կապերը՝ Դավիթ Գեւորգյանը հատկանշել է, որ այս տարի լրանում է երկու քաղաքների համագործակցության 26 տարին, իսկ այս չվերթները կնպաստեն երկկողմ կապերի խորացմանը:

«Մարտին Լիոնի քաղաքապետի Երեւան այցի ժամանակ երկու քաղաքապետերը, կարեւորելով երկուստեք կապերի էլ ավելի ամրապնդումն ու փոխգործակցության ընդլայնումը, ստորագրեցին համագործակցության հուշագիր: Լիոնը մեզ համար կարեւոր գործընկեր է եւ նոր չվերթի գործարկումը մեծ հնարավորություն է ընձեռելու համագործակցության եւ մասնավորապես զբոսաշրջության զարգացման առումով»,- նշել է Դավիթ Գեւորգյանը:

Ուղեւորափոխադրումն իրականացնելու է «Արմենիա» ավիաընկերությունը: Չվերթները կլինեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի եւ հինգշաբթի։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշերն իր հերթին նկատել է, որ Ֆրանսիան ողջունում է կանոնավոր չվերթի մեկնարկը:

«Չվերթի բացումը, անշուշտ, ավելի կսերտացնի Հայաստան-Ֆրանսիա կապերը, հատկապես հաշվի առնելով, որ 2018 թվականը իրադարձային է Երեւանի համար: Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի համաշխարհային հնչեղություն ունեցող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը»,-նշել է Ֆլեշերը:

Չվերթի ուղեւորները, որոնց թվում ազգությամբ հայեր եւ ֆրանսիացիներ են եղել, նկատել են, որ Երեւանն իրենց համար բացահայտումներով լի ուղղություն է, որը հնարավորություն կտա ծանոթանալու 2800-ամյա Երեւանին: Միաժամանակ ուղիղ չվերթը ավելի գրավիչ է ուղեւորների տեսակետից: