Հայտնի չէ, թե արդյոք նախօրեին գանգուղեղային ծանր վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 48-ամյա տղամարդը եղե՞լ է ցույցի մասնակից, թե ոչ: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց «Էրեբունի» ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանը:

Տղամարդուն անգիտակից վիճակում գտել են Տիգրան Մեծ փողոցի մոտ, եւ նրան շտապ օգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել: Նա գանգուղեղային ծանր վնասվածք ունի, ուղեղի արյան զեղում, գլխի վրա բազմաթիվ արյունահավաքներ:

Ինչպես հայտնեց Միքայել Մանուկյանը, այս պահին տղամարդու վիճակը ծանր է: Նա վերակենդանացման բաժանմունքում է, միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին: Նա երեկվանից գիտակցության չի եկել, եւ ո՛չ, բժիշկները, ո՛չ հարազատները տեղյակ չեն, թե նրա հետ կոնկրետ ինչ է պատահել: Արդյոք բողոքի ցույցերին մասնակցել է, ինչ-որ մեկի հետ կռվել է՝ առայժմ հայտնի չէ:

Մեկ այլ հիվանդ, որն այժմ «Էրեբունի» ԲԿ-ում բուժում է ստանում, իսկապես ցույցերին մասնակցել է. 79 տարեկան տղամարդը հոսպիտալացվել է ապրիլի 22-ին ոտքի կոտրվածքով: Ամսի 23-ին նրան վիրահատել են: Նրա վիճակը հիմա կայուն է, հիվանդասենյակում է եւ շուտով դուրս կգրվի:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Առողջապահության նախարարությունը, ապրիլի 25-ի ժամը 18.30-ի դրությամբ Երեւանի բժշկական կենտրոններում բուժում է ստանում 6 քաղաքացի, որոնք տարբեր օրերի տուժել են բողոքի ցույցերի ժամանակ:

Ապրիլի 25-ին «Էրեբունի» ԲԿ է ընդունվել 3 քաղաքացի: Համապատասխան օգնություն ստանալուց հետո երկուսը դուրս են գրվել: Տուժածներից մեկին գտել են անգիտակից վիճակում, եւ նրա վիճակը ծանր է:

Մնացյալ հինգի վիճակը բավարար է: