Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտը) պնդում է, որ ինքը որեւէ առնչություն չունի ԵԿՄ Էջմիածնի կառույցի փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանի դանակահարելով սպանելու դեպքի հետ: NEWS.am-ի հետ զրույցում Հակոբ Հակոբյանն ասաց, որ նման տեղեկություններ տարածում են ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը եւ նրա որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

«Ես հենց այնպես չեմ ասում, կամ արդարանում, որ այդ միջադեպով որեւէ առնչություն չունեմ, այնտեղ կամերաներ են տեղադրված եւ բոլոր տեսագրությունները կան, կարող են վերցնել նայել եւ իմ ասածները ճշտել»,- ասաց նա:

Հակոբ Հակոբյանը դեպքից մանրամասներ պատմեց` նշելով, որ միջադեպի ժամանակ ինքը եւ Կարեն Գրիգորյանը միմյանց հետ զրուցելիս են եղել եւ երկուսն էլ չեն տեսել` ինչ է կատարվել:

«Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 23-ին` Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, երբ ողջ քաղաքը նշում էր այդ իրադարձությունը: Ես իրենց միացել եմ ժամը 18:30-ին, գնացել եմ իմ 70-ամյա ընկերոջ հետ: Երբ ես իջա այնտեղ, կլինեին մոտ 400 հոգի եւ մեքենաներ, որ հրապարակի շուրջը պտտվում էին: Մանվելի մարդիկ շլագբաումներով փակել էին, որ մարդիկ այդ կողմը չգնային: Ես մարդկանց ասեցի, դե ձեր ձեռքով դրանք վերցրեք, դրեք մի կողմ, իրենք էլ հանեցին մի 15 մետր այն կողմ դրեցին եւ շարունակեցին ուրախանալ:

Մինչ այդ Մանվելի երկրապահի տղաները գալիս են, մի քանի անգամ սադրում են, փորձում են բնակիչներին հանել այդ տարածքից: Հետո երկրապահի կողմից մի 40 հոգի եկան, այդ ժամանակ «Ելք» դաշինքից մի մարդ ելույթ էր ունենում, ասում էր, որ իրեն առավոտյան իր տղայի մոտ ծեծի են ենթարկել եւ չեն թողել, որ գնա միտինգի: Երբ երկրապահի տղաները եկան, կանգնեցին, այդ մարդը ձեռքը ուղղեց երկրապահի տղաների ուղղությամբ եւ ասաց, որ, այ, էս սպարտիվկով տղեն էր, որ ինձ ծեծեց, ու հայհոյեց էդ սպարտիվկով տղային: Կարեն Գրիգորյաննն էլ ասեց` էս ինչ սարքեցիր, ես էլ ասեցի` ստեղ սարքելու բան չկա, ժողովորդը տոնում է իր հաղթանակը, որ վերջապես Էջմիածինը պատկանում է էջմիածնեցիներին: Մի քիչ խոսեցինք ու գնացինք, գնալուց մի 40 րոպե հետո ասեցին, որ տենց դեպք է եղել»,-ասաց Հակոբ հակոբյանը:

Նրա խոսքով, ականատեսները իրեն պատմել են, որ հրապարակում Մանվելի փոքր տղան ու էդ մահացած տղան իրար հետ եկել են եւ Մանվելի փոքր տղան հայհոյել է այդ դանակահարողին, որին ճանաչել է: «Նրա հետ խնդիրներ է ունեցել, էդ տղան էլ հայհոյել է Մանվելի տղային եւ գնում է առաջ, էդ ժամանակ մահացողը գլխով հարվածում է էդ տղային, նա ընկնում է, մի երկու հատ էլ ոտքերով են խփում, էդ տղան գետնից բարձրանում է, ու դանակով հարվածում է մահացողին, Մանվելի տղեն փախնում է ըտեղից»,- պատմեց նա:

Հակոբ Հակոբյանը կարծում է, որ գործը շատ հեշտությամբ կբացահայտվի տեսագրություններով, ինչը, սակայն, քաղաքապետի եւ իր կողմնակիցների շահերից չի բխում:

Հակոբ Հակոբյանի կարծիքով` Մանվել Գրիգորյանը եւ իր որդին իր անվան հետ են կապում այդ միջադեպը, քանի որ ինքը միշտ քննադատել է ԵԿՄ նախագահի եւ նրա ազգականների ապօրինությունները:

«Մանվելը էշ-էշ գլխից մի բան դուրս է տալիս, հիմա էլ չեն ասի, որ ինքը ճիշտ ա: Մանվելը էն ժամանակ ճիշտ կլիներ, երբ որ լիներ հանրապետական կուսակցության վլաստը եւ ցուցում լիներ համապատասխան բարձր տեղից, որ ավելի լավ է քննությունը էս ուղղությամբ տանել: Բայց հիմա ամեն ինչ փոխվել է, ոչ մեկ իր գլխից ձեռ չի քաշել կեղծ քննություն տանի: Ես իրենց ալան-թալանի մասին միշտ խոսել եմ, եւ հիմա իրենց համար իմ անձը արդեն վտանգավորություն է ներկայացնում, որովհետեւ մարդիկ Էջմիածնում պայքարել են եւ հիմա կարող են բարձրաձայնել այդ մասին: Ես էլ կփորձեմ էդ մարդկանց համախմբել, ասել, որ հանձնաժողով ենք ստեղծում, ովքեր տուժել են էդ բանդայից կողմից եւ կդիմենք իրավապահ մարմիններին, թող օրենքի առաջ իրենք պատասխան տան»,-հավելեց Հակոբ Հակոբյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 23-ին, ժամը 18.55-ին կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք նախնական ախտորոշմամբ Էջմիածնի հիվանդանոց է տեղափոխվել 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը, ով երեք ժամ անց մահացել է վիրահատության ժամանակ:

Մանվել Գրիգորյանը հայտարարել էր, որ դրա հեղինակը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի մարդիկ:

Նվեր Հովհաննիսյանը ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր: Նախկինում եղել է նաեւ քաղաքի մշակույթի տան տնօրենը: Նա մասնակցել է Արցախյան պատերազմին, ինչի հետեւանքով կորցրել է ձեռքն ու ոտքը, եւ այդ վիճակով մասնակցել է նաեւ Ապրիլյան պատերազմին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: