Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական է տվել իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնից: Այս մասին կառավարության ղեկավարը լրագրողներին հայտարարել է ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը: Իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնում Կվիրիկաշվիլիին կփոխարինի նախկին վարչապետ, կուսակցության հիմնադիր, գործարար Բիձինա Իվանիշվիլին:

Կուսակցության առաջիկա նիստին Իվանիշվիլին կընտրեն որպես «Վրացական երազանք»-ի նախագահ: Կընտրվեն նաեւ քաղաքական խորհրդի նոր անդամներ:

«Ես ուրախ եմ, որ պարոն Բիձինան համաձայնել է»,- ասել է Կվիրիկաշվիլին: Քաղաքական գործիչը կարծում է, որ Իվանիշվիլիի վերադարձը դրականորեն կանդրադառնա երկրի քաղաքական կյանքի վրա:

Նշենք, որ «Վրացական երազանք» կուսակցությունը իշխանության էր եկել 2012 թվականին: 2013-ին այս կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին ընտրվել էր Վրաստանի նախագահ: Իվանիշվիլին զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը 2012-2013 թվականներին: