Կառավարությունը ապրիլի 26-ի նիստում հաստատեց էլեկտրաէներգիայի այլընտրանքային կուտակման եւ կառավարման հայեցակարգը:

Հիմնավորման մեջ նշված է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում գործնականում հանածո ածխաջրածիններ չկան: Ներկայումս Հայաստանը էլեկտրաէներգիա է արտադրում գլխավորապես ատոմային, ջերմային եւ հիդրոէլեկտրակայաններում: Էներգետիկ անվտանգության տեսակետից դիֆերենցված համակարգը բավական կայուն եւ հավասարակշռված է համարվում: Սակայն այս կայունությունը երաշխավորված չէ միջնաժամկետ ու երկարաժամկետ ժամանակահատվածների համար:

Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման եւ շահագործման ժամկետի երկրացման արդյունքում էլեկտրաէներգիայի ներքին սպառման կառուցվածքում միջուկային էներգիան կազմում է 40-42 տոկոս, 40 տոկոս բաժին է ընկնում ՀԷԿ-երին, 18-20 տոկոս՝ ջերմային էլեկտրակայաններին, որոնք բնական գազով են գործում:

Բնական գազի պաշարի բացակայությունը հաշվի առնելով՝ հայեցակարգով նախատեսվում է ՋԷԿ-երի արտադրանքն ուղղել բացառապես արտահանմանը, իսկ էլեկտրաէներգիայի սպառման 18-20 տոկոսը, որն ապահովում են ՋԷԿ-երը, փոխարինել այլընտրանքային աղբյուրներով: