ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է կարճել 2018 թվականի ապրիլի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հիմքով հարուցված վարչական վարույթները:

Խոսքը վերաբերում է միայն այն իրավախախտումներին, որոնք հայտնաբերվել են տեսանկարահանող սարքերով եւ կատարվել են հավաքների ընթացքում ճանապարհների երթեւեկությունը դիտավորությամբ խոչընդոտելու կամ ճանապարհները փակելու հետեւանքով: Վարչական վարույթները կարճվելու են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 17-րդ եւ 27-րդ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումների հիմքով:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հավաքի կազմակերպիչները արդեն իսկ հանդես են եկել ճանապարհային երթեւեկության կանոնները պահպանելու հրապարակային կոչերով, Ոստիկանությունը տեղեկացնում է, որ վարչական վարույթների կարճումների պրակտիկան չի շարունակվելու եւ վարչական իրավախախտումներ կատարած անձինք ենթարկվելու են վարչական պատասխանատվության:

ՀՀ ոստիկանության պետի որոշումը համաձայնեցված է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ: