Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին տեղեկությունը պաշտոնապես հերքվել է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով, եթե խոսքը ժամանակավոր պաշտոնակատարի մասին է, ապա չի կարող խոսվել հրաժարականի մասին, այլ պետք է խոսվի լիազորությունների դադարեցման մասին:

Ինչ վերաբերում է ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի եւ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանի Մոսկվա մեկնելու պատճառներին ու օրակարգին, Վարդան Արամյանն ասաց, որ տեղյակ չէ դրանից:

«Իհարկե, այս իրավիճակը մեզ բոլորիս մտահոգում է եւ պետք է գտնվի այն ելքը, որը լավագույնը կլինի մեր երկրի համար: Չեմ կարծում, որ իմ մանդատի անունից՝ նման հայտարություններ անելը ճիշտ է: Ճիշտ կլինի, որ երբ գալիս է պահը, հայտարարություն անեն այն մարդիկ, որոնք լիազորված են այդպիսի հայտարարություններ անել»,-ասաց նա:

Նախարարի պաշտոնակատարը նկատեց, որ անկախ նրանից, թե լարվածությունը, անհանգստությունը ինչ պատճառներ ունեն, պետք է ուշադիր լինել ինֆորմացիոն հոսքերի կառավարմանը. «Երբ լինում են նման անհանգստություններ, ինֆորմացիոն հոսքերը տարբեր ուղղություններով են գնում, դա ազդում է տնտեսական աճի վրա: Պետք է ամեն ինչ անել, որ այս վիճակից առավելագույն օգուտներով եւ նվազագույն ծախսերով դուրս գանք»: