ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարություն արել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորված հանդիպումը չի կայացել, որովհետեւ պայմանավորվածությունները վերածվել են ուլտիմատումների: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը:

Անդրադառնալով տեղեկություններին, թե բանակցությունները չկայացան, քանի որ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը ցանկանում է, որ հենց Կարեն Կարապետյանը լինի վարչապետ, Վարդան Արամյանն արձագանքեց. «Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում ծնվում են տարբեր տեսակի վարկածներ, ծնվում են տեղեկություններ, որոնք նետվում են ասպարեզ: Պետք է ցանկացած տեղեկատվության շատ զգույշ վերաբերենք, ցանկացած տեղեկատվություն կարող է շփոթ ստեղծել, դա շատ վատ է: Մեկի մոտ ընկալում է, որ ռուսական ուժերն են, մյուսի մոտ կա ընկալում, որ ամերիկյան ուժերն են: Դա նշանակում է, որ չկա կարգապահական վարքագիծ», - նշեց նա՝ հավելելով, որ լավագույն լուծումը կառուցողական երկխոսության մեջ է:

Վարդան Արամյանը կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի քայլը շատ դրական է ընկալվել որպես բախումներից խուսափելու քայլ միջազգային ներդրողների ու հանրության կողմից. «Դա դրական ազդակ է տվել այն առումով, որ կարծես, Հայաստանն ունի այնպիսի իրավիճակ, որ չի կրկնում Ուկրաինայի կատարած սխալները, այսինքն՝ գնում է ավելի կառուցողական ուղիով»:

Կարեն Կարապետյանը՝ հանդիպման չեղարկման մասին. Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ