Ես հանդիսանում եմ գործող կառավարության թիմի Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարը եւ շարունակելու եմ իմ տեղում իրականացնել ԱԻ նախարարի պարտականությունները այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ նախագահը չի ազատել ինձ իմ պարտականությունների կատարումից եւ ես չեմ պատրաստվում որեւիցե պաշտոնի առաջարկի արձագանքել: Այս մասին հայտարարել է ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ մեկնաբանելով «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ կուսակցության անդամ Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան էջում արված գրառմանը, թե Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է:

«Դա քաղաքական ուժի ներկայացուցչի՝ պարոն Միրզոյանի կարծիքն է, որը ճիշտ չէ իմ կողմից մեկնաբանել։ Իմ դիրքորոշումը հստակ է՝ ես շարունակում եմ իմ ծառայությունը Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում չի կայացրել այլ որոշում»,-ընդգծել է Տոնոյանը:

Հարցին, թե ունեցե՞ լ է որեւէ հանդիպում կամ քննարկումներ այս քաղաքական ուժի հետ, նախարարի պաշտոնակատարն արձագանքել է. «Ստեղծված «արտակարգ քաղաքական իրավիճակում» իմ ամենօրյա եւ՛ հեռախոսային շփումները, եւ՛ անձնական հանդիպումները «Ելք» խմբակցության ներկայացուցիչների հետ բացարձակապես կապված են հանրային անվտանգության ապահովման օրհասականությամբ»:

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է Դավիթ Տոնոյանը՝ ներկայիս ԱԻ նախարարը»:

Բացի այդ, նախօրեին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը եւս չէր բացառել, որ կառավարության որոշ անդամներ կլինեն ժամանակավոր կառավարության կազմում: «Պատրաստ ենք լծակները կիսել նրանց հետ, պայմանով, որ վարչապետ լինի ժողովրդի թեկնածուն»,-ասել է նա:

Ուրվագծվում է Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմը