Հայաստանում ընթացող բողոքի ցույցերին միացել է աշխարհահռչակ կանադահայ դերասանուհի, հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը՝ Արսինե Խանջյանը:

Նա ցուցարարներին է միացել Իսակովի պողոտայում, որտեղ ծաղիկներ է բաժանել ցուցարարներ աղջիկներին:

Վերջիններս մեծ ոգեւորությամբ են ընդունել Արսինե Խանջյանի հայտնվելն իրենց կողքին:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը:

Այսօր Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը կարճ է տեւել. Նա կոչ է արել բացել փողոցները եւ արգելել, որ առանց համարանիշների մեքենաներ երթեւեկեն քաղաքում: