Հասարակական կարգը եւ կանոնները պետք է պահպանվեն, միաժամանակ հարկավոր է ընդգծել զանգվածային հավաքների, ցույցերի ընթացքում հանդուրժողականության պահպանման կարեւորությունը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել:

«2018 թվականի առաջին եռամսյակում արձանագրված դրական ցուցանիշները պետք է պահպանվեն եւ կատարելագործվեն»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը եւ հանձնարարել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների պաշտոնակատարներին, ինչպես նաեւ մարզպետներին հետեւողական շարունակել աշխատանքները եւ պահպանել կառավարության բնականոն գործունեության ռեժիմը:

Կարեն Կարապետյանն անդրադարձել է հասարակական կարգի եւ կանոնների պահպանման հարցին: «Հասարակական կարգը եւ կանոնները պետք է պահպանվեն, միաժամանակ հարկավոր է ընդգծել զանգվածային հավաքների, ցույցերի ընթացքում հանդուրժողականության պահպանման կարեւորությունը»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը եւ առաջարկել իրավապահ մարմինների ղեկավարներին ձեռնարկել միջոցներ՝ հասարակական բնականոն կարգի՝ բոլորի կողմից պահպանման եւ հավաքների, ցույցերի ընթացքում հանդուրժողականության մոտեցման շարունակության ուղղությամբ: