Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 26-ի նիստում հաստատել է արեւային էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը, որը ձեւավորվել է միջազգային մրցույթի արդյունքում:

«Աննախադեպ սակագին սահմանեցինք՝ 4,19 ցենտ: Այսօր աշխարհում նման ցածր սակագին գոյություն չունի, ինչը նշանակում է, որ Հայաստանում մեծ թափով կսկսի զարգանալ արեւային էներգետիկան»,-նշել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Աշոտ Մանուկյանը: Նա հայտնել է նաեւ, որ հայեցակարգով նախատեսվում է մինչեւ տարեվերջ Հայաստանում կառուցել կուտակիչ կայան՝ 14 ՄՎտ կուտակային հզորությամբ, որ կլինի աշխարհում թվով 10-րդը: «Այսինքն՝ Հայաստանը կմտնի այն տասնյակի մեջ, որոնք արդեն իրենց երկրներում զարգացրել են արեւային առաջավոր տեխնոլոգիաները»,-նշել է նախարարի պաշտոնակատարը:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Կարեն Կարապետյանը դրանք համարել է հեղափոխություն՝ էներգետիկայի ոլորտում: «Արեւային ռեսուրսի առումով Հայաստանը գտնվում է ամենալավ երկրների շարքում: Եվ այս կուտակիչ տեխնոլոգիան կիրառելու դեպքում՝ մենք մոտակա տարիներին մեր էներգետիկ անվտանգությունն ու կախվածությունն այլ էներգառեսուրսներից փոխում ենք: Արեւային էներգետիկայի առումով Հայաստանն այսօր գտնվում է ամենազարգացած երկրների շարքում»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ սահմանված սակագինն ավելի ցածր է, քան փոքր ՀԷԿ-երի սահմանած սակագինը: Կարեն Կարապետյանը հայտնել է նաեւ, որ հանձնարարվել է նախարարությանը վերանայել 2036թ. էներգետիկայի զարգացման ծրագիրը: