«Իմ քայլը» նախաձեռնության, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն Facebook-ի իր էջում գրել է, որ հեղափոխությունը շարունակվում է:

«Քաղաքական առեւտուր չի՛ լինելու։ Հեղափոխությունը շարունակվում է։ Բոլորս դեպի Հանրապետության հրապարակ»,-գրել է նա:

Այսօր ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ վարչապետի ընտրությանը մի քանի օր է մնացել եւ պետք է ուշադիր լինել, որովհետեւ այսօր որոշ ուժեր փորձում են հակահեղափոխություն անել: Նա նշել է, որ այսօր երեկոյան ժամը 19-ի հանրահավաքում շատ կարեւոր խոսակցություն պետք է լինի: Նրա շուրջ հավաքված քաղաքացիներն էլ կոչ են արել Փաշինյանին չհամագործակցել ոչ մի քաղաքական ուժի հետ:

Նշենք, որ վերջին օրերին բազմաթիվ քաղաքական ուժեր են միացել Փաշինյանի գլխավորած շարժմանը: Դրանց թվում են ԲՀԿ-ն, «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Հանրապետությունը» եւ «Լուսավոր Հայաստանը»:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը: