Գագիկ Ծառուկյանը չի անելու այնպիսի քայլ, որը դեմ կլինի ժողովրդին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցության  ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ՝ ապրիլի 25-ին, հանդիպել է  շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ եւ քննարկել անելիքները։ Այս հանդիպմանը զուգահեռ լուրեր են տարածվել, որ  Փաշինյանի գլխավորած շարժմանը միացած Ծառուկյանը վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն է առաջադրելու եւ չի քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին։  Խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը NEWS.am–ի հետ զրույցում վստահեցրեց, որ Գագիկ Ծառուկյանը չի անելու այնպիսի քայլ, որը դեմ կլինի ժողովրդին։

«Ծառուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի քննարկումները շարունակվում են, լինելու են հանդիպումները եւ օրենքով սահմանված կարգով, մինչեւ ապրիլի 30–ը մենք կհրապարակենք մեր որոշումը»,–ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանից բացի այլ թեկնածուի տարբերակ էլ է քննարկվո՞ւմ, օրինակ Գագիկ Ծառուկյանի, Զոհրաբյանը պատասխանեց.  «Մենք անպայմանորեն հաշվի ենք նստելու ժողովրդի կարծիքի եւ որոշման հետ։ Մենք ժողովրդին դեմ որեւէ քայլ չենք անելու»։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ վերսկսում են բողոքի գործողությունները, քանի որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի հրաժարականի գնով ուզում է պահպանել իշխանությունը:

Նշենք, որ ԲՀԿ-ն ապրիլի 25-ին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ միանում է «համաժողովրդական ընդվզման ալիքին եւ կանգնած է ժողովրդի կողքին»: ԲՀԿ-ն կոչ է արել իր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում եւ Երեւանում մոբիլիզացվել եւ դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին: