Եթե իշխանությունը Հայաստանում ձեւավորվի հրապարակում, դա կնշանակի, որ Երեւանում չկա միջազգայնորեն ճանաչված իշխանություն եւ Հայաստանի հարեւան երկրները կարիք չունեն կատարել պարտավորություններ Հայաստանի նկատմամբ»,-«Վզգլյադ»-ին հայտնել է Սոցիալական հետազոտությունների փորձագիտական ինստիտուտի փորձագիտական խորհրդի ղեկավար Գլեբ Կուզնեցովը:

Նա նշել է, որ Երեւանում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ երկու տեսակետ կա. «Առաջինը՝ Փաշինյանը պարզապես առեւտուր է անում: Երկրորդը, որ նա շատ լրջորեն ցանկանում է գնալ Միխայիլ Սաակաշվիլիի կամ ուկրաինական մայդանի առաջնորդների ճանապարհով: Իմ կարծիքով, երկրորդն ավելի մոտ է իրականությանը:

Կուզնեցովի խոսքով, նա հակված չէ թերագնահատել Փաշինյանի ներուժը. «Հակառակը, դա պետք է ընդունել որպես լուրջ սպառնալիք: Մենք բոլորս մանկուց հիշում ենք հետեւյալ արտահայտությունը. «Հեղափոխությունը ունի սկիզբ եւ չունի վերջ»: Իրավիճակը շիկացած է, մարդիկ գրգռված են, իշխանությունը ցույց է տվել իր թուլությունը: Պետական ինստիտուտները պարզվեց ամուր չեն, եւ բոլորը դա տեսան: Իրադարձությունները կարող են գնալ ցանկացած սցենարով, այդ թվում Հայաստանի համար ծայրահեղ բացասական սցենարով»,-ընդգծել է Կուզնեցովը:

Փորձագետը նշել է, որ Հայաստանը պետություն է, որը մշտապես գտնվում է արտաքին ճնշման տակ: «Եթե Հայաստանի ներսում պետականության կրախ տեղի ունենա, ապա այն կվերածվի «ձախողված պետության» (failed state): Եթե Հայաստանում իշխանությունը ձեւավորվի հրապարակում, դա կնշանակի, որ Երեւանում չկա միջազգայնորեն ճանաչված իշխանություն եւ Հայաստանի հարեւան պետությունները (առաջին հերթին Թուրքիան եւ Ադրբեջանը) բացարձակ կարիք չունեն կատարել իրենց պարտականությունները Հայաստանի նկատմամբ: Մենք բոլորս հիշում ենք, որ Բաքվում կա կարծիք, որը բարձրաձայնում է Ալիեւը, որ Երեւանը «պատմական ադրբեջանական քաղաք է»: Այսինքն խոսքը միայն Ղարաբաղի մասին չէ»:

Նրա խոսքով, շատ արյուն կհոսի, եւ թե ինչով դա կավարտվի Հայաստանի համար, բացարձակ անհասկանալի է»: Կուզնեցովը հիշեցրել է, որ Ադրբեջանը սարսափելի պարտություն է կրել Արցախ-Ղարաբաղում, երբ իշխանությունը Բաքվում չափազանց թույլ էր: «Այն ժամանակ իշխանությունը պատկանում էր այնպիսի խելապակաս ֆանատիկի, ինչպիսին էր «Ազգային ճակատի» առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյը, որը չկարողացավ իր վերահսկողության տակ պահել պետությունը: Հիմա կարող է տեղի ունենալ հակառակ իրավիճակը»:

«Կարելի է երկար ու գեղեցիկ խոսել «ժողովրդական հեղափոխության» մասին, բայց իրականում «հեղափոխության» կայանալու գրավականն այն է, որ Հայաստանի բարձրագույն էլիտան մերժել է Սարգսյանի մոտեցումները՝ համարելով դրանք վնասակար եւ ռիսկային, եւ հեշտությամբ ազատվել է Սարգսյանից եւ նրա շրջապատից՝ հույս ունենալով, որ հանգիստ մթնոլորտում կանցկացնեն ռեժիմի դիզայնի փոփոխություն: Ու կարեւոր չէ՝ այդ դիզայնը կոսմետիկ է, թե էական: Հաշվարկը եղել է այն, որ եւ քաղաքացիները գոհ կլինեն, եւ էլիտաները կկարողանան ինչ-որ համաձայնության գալ:

Այո, պլանը լավն է, բայց Փաշինյանը խաղում է զրոյական գումարով: նա պատրաստ չէ որեւէ մեկի հետ համագործակցություն հաստատել՝ կոալիցիա կազմելով: Նա ասում է, որ կա ժողովուրդ, եւ կա նա, որպես այդ ժողովրդի ներկայացուցիչ»:

«Այն, ինչ անում է Փաշինյանը, հենց մայդան է, որը դեռ անհաջող է, որովհետեւ իշխանությունը կապիտուլյացիայի չի ենթարկվում: Իշխանությունը պատրաստ է ընդառաջ գնալ ընդդիմությանը, անցկացնել արտահերթ ընտրություններ, փոխել ինչ-որ ֆիգուրներ: Բայց հայկական էլիտաները հասկանում են բոլոր ռիսկերը: Նրանք գիտակցում են, որ Հայաստանում ուկրաինական սցենարով մայդանը կհանգեցնի էլ ավելի մեծ կորուստների, քան Ուկրաինայում: Ինչով է վտանգավոր հեղափոխությունը: Նրանով, որ այն ցանկացած երկրում անկանխատեսելի իրավիճակ է ստեղծում: Պրակտիկան ցույց է տալիս, որ սովորաբան նման իրավիճակում հաղում են ոչ ամենալավ մարդիկ»,-կարծում է Կուզնեցովը: