Հայաստանի կոռումպացված համակարգի հետ որեւէ կոմպրոմիս լինել չի կարող։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ այս հրապարակում ձեր կողմից ես առաջադրվեցի որպես ժողովրդի վարչապետի թեկնածու։ Մենք ակնկալում ենք, որ ԱԺ խմբակցությունները կոնսենսուսով կկայացնեն այդ որոշումը»,- ասել է նա եւ հավելել. «Բայց ուզում եմ հստակ արձանագրենք մեկ խնդիր։ Խնդիրը ոչ թե իմ վարչապետ դառնալն է, այլ Հայաստանում հաստատված կոռումպացված եւ հակաժողովրդավարական համակարգը վերացնելը»։

Ըստ Փաշինյանի, կան տարբեր մեսիջներ, առաջարկներ, գործարքի առաջարկներ, «բայց ես ուզում եմ, որ մենք բոլորս հստակ արձանագրենք, որ այս համատեքստում կոռումպացված համակարգի հետ որեւէ կոմպրոմիս լինել չի կարող»։

«Մենք այսօր մեր մեծ թիմով քննարկել ենք,որ պաշտոնների, ոլորտների, առեւտրի մասին որեւէ խոսք լինել չի կարող։ Ես ուզում եմ՝ ժողովուրդը հստակ արձանագրի, որ մենք չենք գնալու որեւէ կուլիսային պայմանավորվածության, որովհետեւ, նաեւ այն պատճառով, որ այս պրոցեսի գործող առանցքային անձը ոչ թե այս հարթակն է, այլ հրապարակում կանգնած ժողովուրդը։ Որեւէ գործարք չի կարող լինել ժողովրդի թիկունքին»,- նշել է նա։

«Ես կամ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, ժողովրդի պահանջով, ժողովրդի աջակցությամբ, կամ էլ Հայաստանում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի։

Որեւէ արժեք մի միլիմետր անգամ չպետք է տուժի»,- նշել է Փաշինյանը եւ հավելել. «Հայաստանի վարչապետի ընտրությունը Ազգային ժողովում տեղի է ունենալու մայիսի 1-ին, հետեւաբար մենք հավաքում ենք մեր ուժերը, կենտրոնացնում ենք մեր ուժերը, որովհետեւ մեր քայլի հաջորդ փուլը մայիսի 1-ն է, եւ Հայաստանի ժողովուրդը պետք է ցուցադրի իր հզորությունը ամբողջ թափով»։