«Մենք հանրապետականի հետ փակ դռների հետեւում չենք բանակցելու»։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, բանակցությունների նախորդ փուլը ձախողվեց հետեւյալ պատճառով։ «Երբ ես պատրաստվում էի հանդիպել Կարեն Կարապետյանի հետ, կային հանրապետականներ, ովքեր ասում էին, որ Կարեն Կարապետյանը չի ներկայացնում իրենց։ Երեկ նրանք կուսակցական ժողով են արել եւ, ի վերջո, եկել են ընդհանուր հայտարարի, որ Կարեն Կարապետյանին լիազորեն, որպեսզի բանակցություններում նա ներկայացնի ՀՀԿ-ն։ Մենք այդ որոշումը ընդունում ենք ի գիտություն եւ պատրաստակամություն ենք հայտնում շարունակել բանակցային գործընթացը մեր առաջարկած օրակարգի շրջանակներում։ Եւ վաղը, ժամը 12-ին Կարեն Կարապետյանին հրավիրում եմ «Մարիոթ» հյուրանոց՝ սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը»,- նշել է Փաշինյանը։

Նա, սակայն, նշել է, որ ունեն մեկ կոնկրետ պայման։ «Ինչպես եւ Սերժ Սարգսյանի հետ, Կարեն Կարապետյանի հետ բանակցությունները պետք է ծայրից ծայր տեղի ունենա լրագրողների ներկայությամբ, որպեսի հանրությունը տեղյակ լինի, թե ինչ ենք քննարկում։ Մենք հանրապետականի հետ փակ դռների հետեւում չենք բանակցելու։ Մենք բանակցելու ենք ժողովրդի աչքի առաջ։ Ժողովուրդը մեր ղեկավարն է, մեր շեֆն է, եւ մենք պիտի մեր ղեկավարին հաշվետու լինենք ամեն քայլի համար»,- ասել է Փաշինյանը։

Նա շնորհակալություն հայտնեց «Մարիոթ Արմենիային», այն հայտարարեց «ժողովրդական բրենդ»։ Նույն տիտղոսին արժանացան նաեւ «Գրանդ» հոլդինգի ընկերությունները։

Նա կոչ է արել բացել ճանապարհները, մասնավորապես Արցախ տանող ճանապարհները։ Փաշինյանը նշեց, որ առանց իրենց հետ համաձայնացնելու որեւէ գործողություն սադրանք է։